Իրանում մահապատժի է դատապարտվել ԿՀՎ-ի ենթադրյալ գործակալը իրանական միջուկային ծրագրի ոլորտում լրտեսության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամիր Ռահիմպուր անունով լրտեսներից մեկը մահապատժի է դատապարտվել: Գերագույն դատարանն ուժի մեջ Է թողել այդ դատավճիռը: Նա փորձում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկություն փոխանցել ԱՄՆ հետախուզությանը»,- Tasnim-ը մեջբերում  է նրա խոսքը:

Նրա խոսքով՝ դատավճիռը պետք է շուտափույթ կատարվի, որպեսզի նրա հովանավորները հասկանան, որ Իրանը «ներողամիտ չի լինի իր թշնամիների հանդեպ»: Նա նաեւ նշել է, որ Իրանը վճռական է՝ պատասխան միջոցներ կիրառելու թշնամու նախաձեռնություններին:

Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին Իրանում արտասահմանցի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այդպիսով, 2019-ի հոկտեմբերի 1-ին մահապատժի է դատապարտվել երկրի քաղաքացին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: