Ես միանշանակ կիսում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների անհանգստությունը, որ ՀՀ-ում երկու ինստիտուտների՝ ՍԴ-ի եւ վարչապետի աշխատակազմի միջեւ կա մեծ լարվածություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
«Ես կարծում եմ, որ սա նորմալ չէ, նաեւ կարծում եմ, որ սա արդյունք է նրա, որ ՍԴ նախագահը արել է բազմակի քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն ՍԴ նախագահը, որ չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ: Նաեւ կարեւոր եմ համարում, որ համազեկուցողները ֆիքսում են, որ Հայաստանում դատական համակարգի հանդեպ վստահությունը շատ ցածր է: Նրանք ֆիքսում են, որ մինչ օրս ԱԺ-ն եւ կառավարությունը իրավիճակը փորձել են հանգուցալուծել իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Համազեկուցողները նշել են նաեւ, որ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի գնալու մեխանիզմը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ իրենք հետեւելու են դրա իրագործման ընթացքին: Ինչը շատ կարեւոր է, նրանք նշում են, որ կամավոր վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ 2015-ին ընդունված Սահմանադրության ոգին պահպանելը, արդարացված է: Այսինքն նշանակում է, որ իմ մեկնաբանությամբ փաստորեն Սահմանադրության ոգին խախտված է:
Բացի այդ, համազեկուցողները նշել են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող կամ պլանավորված բարեփոխումները, ինչը եւս կարեւոր է»,-հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ այս հարցը շուտափույթ կլուծվի:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը, Ռուբինյանն ասաց. «Նա նույնպես մտահոգությունէ հայտնում այս լարվածության վերաբերյալ: Նաեւ պարոն Բուքիքիոն հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմը պետք է լինի իրապես կամավոր, եւ դատավորները պետք է զերծ լինեն որեւէ տեսակի քաղաքական կամ անձնական ճնշումներից: Սա ես կարեւոր եմ համարում, քանի որ դեռ այս հայտարարությունից առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի այն դատավորներին, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակից, հետ պահեն այդ մտքից: Փաստորեն, դրանից մի քանի օր հետո կա Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ դա սխալ է, չպետք է լինեն ճնշումներ դատավորների հանդեպ: Ես կիսում եմ նաեւ պարոն Բադասյանի մտահոգությունը»,-ասաց նա:
Հարցին, թե ՍԴ դատավորների նկատմամբ չկա՞ ճնշում, նա արձագանքեց. «Ես իշխանության կողմից ճնշման որեւէ դեպք չգիտեմ: Եթե դուք գիտեք, ասեք»:





























