Ես չեմ բացառում, որ մեր ընդդիմադիր գործընկերները քննարկումների փուլում միանան մեր նախաձեռնությանը, որովհետեւ սա եւս մեկ հնարավորություն է կոորդինատներին քաղաքական դիրքորոշումների ընդդիմադիր մեր գործընկերների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգին:
Նա հավելեց, որ այս նախագիծը նպատակ ունի լուծել ՀՀ-ում առկա եւ բոլոր կողմերից փաստված դատական ճգնաժամը եւ դա լուծվելու է:
Դիտարկմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մինչեւ վերջ գնալու է, չի ընկրկելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինքը մինչեւ վերջ ուր է գնալու, ես կարող եմ ասել, որ իր վերջին հարցազրույցում տեսա պարտված մարդու, որը նույնիսկ այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե այս իրավիճակն ինչ-որ ձեւով հանգուցալուծվի եւ ինքը այդտեղից կարողանա իր շահը ստանալ: Բայց ցավոք սրտի, ոչ միայն ինքը, այլ շատ անուններ այսօր հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց ականջին նստում են ու ասում են, որ իրենք կարող են ինչ-որ ձեւով հետ բերել անցյալը, կարող են վերականգնել այն «երջանկությունը», որի մեջ տասնամյակներ շարունակ ապրել են: Այդ մարդկանց համոզում են եւ նետում են այդ խարույկի մեջ, եւ այրում են՝ այդ մարդկանց եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես անձեր վատ վիճակի մեջ դնելով»:











