Այսօր` ապրիլի 18-ին հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է, որի առթիվ դեռ երեկ առավոտվանից հանրապետության ամբողջ տարածքում սկսվել են մաքրման աշխատանքներ, որոնք կավարտվեն այսօր:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Մաշկույթի նախարարության մամուլի ծառայությունից, մաքրման աշխատանքներ են իրականացվում Աշտարակի, Գառնիի, Սանահինի եւ Երեւանի Հաղթանակի կամուրջների ու դրանց հարող հատվածներում, ինչպես նաեւ վիշապաքարերի, պատմական բաղնիքների տարածքներում: Այս ակցիայի մասնակիցների` զինվորականների, ուսանողների, դպրոցականների եւ բոլոր ցանկացողների համար մասնագետները կարդում են դասախոսություններ, տրամադրում հետաքրքիր տեղեկույթներ, բացատրություններ: Կազմակերպվել են նաեւ էքսկուրսիաներ:
Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերի դպրոցներում գործող «Պատանի հնագետներ», «Պատանի պատմաբաններ» խմբակների անդամների համար այդ օրը հուշարձանների տարածքներում կանցկացվեն բաց դասեր, կկազմակերպվեն «Հուշարձանները լուսանկարներում» շրջիկ ցուցահանդեսներ, «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում կիրականացվի ծառատունկ:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարվել է նաեւ «Հուշարձաններն իմ աչքերով» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Միջազգային օրվա կապակցությամբ ոլորտի ակնառու մասնագետները կպարգեւատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պարգեւներով:
Նշենք, որ 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարեւորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: Ամեն տարի հուշարձանների պահպանության օրն ունենում է իր խորհուրդը, որի շրջանակներում իրականացվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ: 2011 թվականի ապրիլի 18-ի խորհուրդն է «Ջուրը եւ նրա մշակութային հետագիծը»:





























