Ապրիլից մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2011 թվականի համալրման գործընթացը: Այն իրականացվում է տարբեր երկրների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ազգային ոչ նյութական արժեքների հայտեր ներկայացնելու ճանապարհով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ կա երկու ցանկ` ներկայացուցչական եւ արժեքների, որոնք անհապաղ պաշտպանության կարիք ունեն:

2011-ին համալրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել եւ ներկայացրել է հայ ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկը` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը` ներկայացուցչական ցանկում ընդգրկելու համար:

Իսկ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ցանկում ընդգրկելու նպատակով ներկայացվել է աշուղական սիրավեպը եւ «Վարդավառի ծեսը»:

«Վարդավառի ծեսը», ըստ Մարգարյանի, պահպանվել է, բայց մի շարք բաներ մոռացության են մատնվել եւ այդ ծեսը ներկայացվել է տոնը իր ամբողջության մեջ պահպանելու նպատակով:

Ինչ վերաբերում է ցանկում ներառվելուն, ապա Երանուհի Մարգարյանը նշեց, որ այդ գործընթացը բավականին երկար է տեւում`մոտ մեկ տարի, ամեն մի երկրի ներկայացրած յուրաքանչյուր արժեք մանրամասն ուսումնասիրվում է, վերլուծվում, փորձագետները քննարկում են, դիտողություններ, առաջարկություններ անում: Միայն նորյեմբերին պարզ կլինի, թե արդյոք կընդգրկվե՞ն Հայաստանի ներկայացրած արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում:

Նշենք,որ 2010 թվականին նշված ցանկում ներառվեց Հայաստանի ներկայացրած «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ոչ նյութական մշակութային արժեքը: