Ես իրոք անհանգստացած եմ իր հոգեկան վիճակով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի արած հայտարարությանը։
«Թող շուտ վերադառնա հայրենիք եւ ձեւակերպի իր մտքերը նախաքննական մարմնի առաջ։ Ծիծաղելի է, չէ՞, կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը, պարզվում է, չգիտի ՀՀ օրենքները։ Ինքը պետք է գա եւ ներկայանա նախաքննական մարմնին։ Վստահաբար ձեզ ասում եմ, Գեւորգ Կոստանյանը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի, ես դա ասում եմ «Մարտի 1»–ի փաստահավաք խմբի շատ առանցքային խմբի անդամներից մեկը լինելով»։
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Գեւորգ Կոստանյանը պայման է դրել, որ միայն հրապարակային հանդիպման է պատրաստ, Քոչարյանն ասաց. «Եթե բոլորն ասեն՝ թող լինի հրապարակային, բա ինչո՞ւ ենք մարդկանց կանչում ոստիկանություն, ինչո՞ւ են նախաքննական մարմինները տարբեր քրեական գործերով հրավիրում, լսում, քրեական գործեր հարուցում. ինքը մեղադրյալ է, թող շարժվի իր մեղադրյալ լինելու կարգավիճակից ելնելով։ Իր փաստաբանական թիմը թող իրացնի այն հնարավորությունները, որը ՀՀ օրենսդրությամբ տրված է ցանկացած ՀՀ քաղաքացու»։
Ինչո՞ւ է նման բան առաջարկում Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողի հարցին՝ Քոչարյանը պատասխանեց. «Կհարցնեք Գեւորգ Կոստանյանին, զանգահարեք, ասեք, ինչո՞ւ եք այսպիսի հոգեմետ վիճակում հայտնվել, պարոն Կոստանյան, դա արդյոք արդյո՞ւնք է իշխանությունը կորցնելու, վերադարձեք եւ ձեր հարցերի պատասխանները կգտնեք նախաքննական մարմնում»։
Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:
Հայտարարությունից հետո ՀՔԾ-ն նույնպես տարածեց հայտարարություն, թե Կոստանյանն այդ կերպ պատրվակ է ստեղծում խուսափելու պատասխանատվությունից։











