Չինաստանի ռոբոտների առաջատար արտադրող Siasun ընկերությունը` Շենյանի ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ, ռոբոտ է ստեղծում, որը կզբաղվի 2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի կասկածով անձանց բժշկական անալիզների հավաքագրմամբ, հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Xinhua-ը:

Ըստ կայքի տվյալների՝ ռոբոտն իր վրա կվերցնի բուժքույրերի գործառույթների մի մասը: Նրանք անընդհատ իրենց բարձր ռիսկի են ենթարկում հիվանդներին զննելիս, որոնք մեծ հավանականությամբ կարող են թոքաբորբով վարակված լինել: Ենթադրվում է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան զգալիորեն արագացնել և հեշտացնել վարակի առկայության ստուգումը:

Նախագիծն իրականացվում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ կառավարության մի շարք գերատեսչությունների աջակցությամբ: Հեղինակների գաղափարի համաձայն` հեռակառավարվող ռոբոտը մեխանիզացված ճկուն ձեռքի միջոցով հիվանդի բերանի խոռոչի մեջ զգուշորեն վիրախծուծ կդնի: Այսպիսով, բժիշկները կկարողանան բացարձակապես ապահով կերպով թուքի նմուշ ստանալ:

Սպասվում է, որ այս տեխնոլոգիան կնվազեցնի վարակի դեպքերի թիվը վարակի տարածման դեմ պայքարող բժշկական անձնակազմի շրջանում: