ՀՀ Ազգային ժողովի էջում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի աղմկահարույց նախագիծը:

Ըստ նախագծի՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը:

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»,- նշված է նախագծում:

Նշենք, որ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ից, որից հետո, ըստ նոր Սահմանադրության, ՍԴ 2 դատավոր է ընտրվել՝ Արմեն Դիլանյանը և Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 6 դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել են մինչև 2018-ի ապրիլի 9-ը:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այն անհրաժեշտ է ՍԴ ճգնաժամը լուծելու նպատակով։ 

«ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված դատավորները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 դատավոր) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 դատավոր) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի դատավորը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով»,- նշված է նախագծում:

Սահմանադրության փոփոխության նախագծին կից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվելու Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։

Նշենք, որ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն, հենց այդքան պատգամավոր էլ ունի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա ԱԺ խորհրդի փակ նիստ, որի ընթացքում պետք է որոշվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական հայտնի փաթեթը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը։

Նշենք, որ նախօրեին նիստը տեւել է 15 րոպե եւ հետաձգվել է հաջորդ օրը:

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 30-ին ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում է կայացրել։ Արտահերթ նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումն էր։ Նախագիծն ուղղված էր սահմանադրական բարեփոխումներում Սահմանադրական դատարանի մասնակցության չեզոքացմանը։ ԱԺ նախագահը այս նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու որոշում էր ընդունել այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ։

Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ օրենսդրական նախագծի միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցման համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցությունների գրավոր առաջարկությունը, որը պետք է հաստատված լինի խորհրդարանի խորհրդի նիստում, ինչը չի արվել։ Բարձրացած աղմուկից հետո Միրզոյանը չեղարկել է սեփական որոշումը։