Իդլիբում ռուս եւ թուրք զինվորականներ են զոհվել՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների ակտիվության ֆոնին. վերջին 14 օրվա ընթացքում նրանք ավելի քան հազար հարձակում են իրականացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հունվարի կեսերին ռուս եւ թուրք զինվորականները Իդլիբում «լռության ռեժիմ» մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները չեն նվազեցրել ակտիվությունը՝ հստակեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հաղորդվում է նաեւ, որ սիրիացի զինվորականների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հասնում է 100-ի: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ, չեն դադարում հարվածային անօդաչուների կիրառմամբ հարձակման փորձերը ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա:
2017 թվականի մայիսին Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայում (այժմ՝ Նուրսուլթան,-խմբ.) Սիրիայում ապաէսկալացիայի 4 գոտի ստեղծելու շուրջ համաձայնության են հասել: 2018 թվականին գոտիներից 3-ն անցել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդը, որը տեղակայված է Իդլիբում եւ հարեւան Լաթաքիայում, Համայում եւ Հալեպում, դեռ զբաղեցված չէ կառավարական զորքերով, դրա մեծ մասը գրավել են «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները:





























