Երեւանի քաղաքապետարանի նպատակը մայրաքաղաքը բնակչության համար հարմարավետ, հյուրերի համար գրավիչ դարձնելն է: Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Դոնի Ռոստովի առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Կիրգինցեւի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչները:
Կարեւորելով քաղաքային տնտեսության բնագավառում տեղեկատվության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, կողմերը մտքեր են փոխանակել աղբահանության, սանմաքրման, հասարակական տրանսպորտի եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների շուրջ:
Վլադիմիր Կիրգինցեւը, Ռոստովի քաղաքապետի անունից քաղաքապետ Կարեն Կարապետյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Ռոստովում կայանալիք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձանի եւ հայկական եկեղեցու բացման արարողությանը:
Ի թիվս այլ հարցերի, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել նաեւ Ռոստովում «Երեւանի տուն», Երեւանում «Ռոստովի տուն» հիմնելու առաջարկությունները:





























