Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը Հոթ Գարոնի նահանգային խորհրդում ապրիլի 14-ին Հայաստանի նախագահի «Մխիթար Գոշ» պատվո շքանշան է շնորհել հայ ժողովրդի երկարամյա բարեկամ Անրի Սաբիին: NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ մամլո դիվանից։
Պարգեւատրմանը ներկա են եղել Հոթ Գարոնի նահանգային խորհրդի, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հոթ Գարոնի նահանգային խորհրդի փոխնախագահ Անի Մորին ներկայացրել է Անրի Սաբիի քաղաքական գործունեությունը` տեղական կառավարման մարմիններից մինչեւ Եվրախորհրդարան։
Հայաստանի դեսպանն անդրադարձել է 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հույս հայտնել, որ Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրենքը վավերացնելով՝ Ֆրանսիան կամբողջացնի իր այդ քայլը:
Անրի Սաբին պարգեւի համար իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի նախագահին։
1988 թվականին` Արցախյան շարժումից հետո, Անրի Սաբին Եվրախորհրդարանում մեծապես նպաստել է արցախահայության իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային այցելություններ է կատարել Հայաստան եւ Արցախ: Իր հայանպաստ գործունեության համար 1990 թվականին Երեւանի քաղաքապետարանը նրան շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում:





























