«Սոցիալական իրավունքներին որոշեցի անդրադառնալ առաջինը, քանի որ համոզված եմ, որ մարդն ի վիճակի է լինել ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ եւ պաշտպանել իր բոլոր իրավունքները, երբ իր արժանապատիվ կենսամակարդակն ապահովված է: Ցավոք, այսօր մեր հասարակության մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի եւ դրա համար ակնկալում է պետության աջակցությունը, քանի որ նույնիսկ աշխատունակ բնակչության համար սեփական աշխատանքով բավարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է»,- այդ մասին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր տարածած հայտարարության մեջ:

Ըստ ՄԻՊ-ի` այսօր Հայաստանում  աղքատ է բնակչության 34,1 տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված  32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, եւ այն չի դիտարկվում որպես   պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ, եւ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն՝ որպես նվազագույն կենսապահովման բյուջե: Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որեւէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել:

«2009 թվականին արձանագրվեց տնտեսության զգալի անկում: 2010թ. Հայաստանի տնտեսությունում արձանագրվեց նաեւ աննախադեպ բարձր` 9.5 տոկոսի գնաճ: Գնաճի պատճառներն, ըստ տարբեր աղբյուրների, բացատրվում են միջազգային շուկաներում գների բարձրացումով, ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությամբ, 2010թ. մշակովի ցանքատարածությունների կրճատումով, կոռուպցիայով, մենաշնորհային տնտեսությամբ եւ գյուղատնտեսության անկման պատճառներով:  Թե միջազգային կազմակերպությունների, եւ թե ՀՀ կառավարության գնահատմամբ, գնաճը Հայաստանում շարունակում է մնալ տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը: Այն մեղմելու համար իրականացվում են գնաճի զսպման եւ սոցիալական ուղղվածության ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքներ, իմ գնահատմամբ, դեռեւս չեն գրանցվել»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը եւ հավելել. «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից  են տնտեսական մրցակցության պաշտպանության թերի մեխանիզմների եւ մենաշնորհային տնտեսությունների առկայությունը: Ըստ տարբեր տնտեսական հետազոտությունների, միջին եւ երկարաժամկետ հեռանկարում ազատ մրցակցության պաշտպանության ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի հիմնական արգելքներից մեկը: Նման իրավիճակի առկայությունն, իմ գնահատմամբ, վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունեության անարդյունավետության մասին»:

Ըստ Անդրեասյանի, տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մեկ այլ էական պատճառ է հարկային եւ մաքսային վատ վարչարարությունը, ինչը հաստատում  են եւ ՀՀ կառավարությունը, եւ նրա ընդդիմախոսները: «Թեեւ այս ուղղությամբ մշակվում եւ իրականացվում են  ծրագրային միջոցառումներ, սակայն արդյունքը դեռեւս շոշափելի չէ ո՛չ տնտեսվարողների լայն շրջանում, ո՛չ էլ տնտեսական ցուցանիշների աճի առումով: Ծայրահեղ անհրաժեշտ են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում առավել կոնկրետ քայլեր, հատկապես կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաեւ հարկերի վճարման ու մաքսազերծման հավասար պայմանների ապահովման ուղղություններով»,- նշել է նա:

«Տնտեսական իրավիճակի այս համառոտ վերլուծությունը հաստատում է իմ մտահոգությունը, որ հասարակության մեջ բազմաթիվ են դեպքերը, որոնք Պաշտպանի լիազորությունների շրջանակներում լիովին կարելի է  դրական լուծումների հասցնել եւ իրացնել քաղաքացիների ու իրավաբանական անձանց էական զանգվածի սոցիալ-տնտեսական իրավունքները:  Մինչդեռ, Պաշտպանի գրասենյակ մուտք գործած սոցիալական եւ տնտեսական ոլորտի դիմումների սակավությունը (36 դիմում այս տարվա չորս ամսվա ընթացքում) ցույց է տալիս, որ իրազեկման անբավարարության, ինչպես նաեւ իրավագիտակցության ցածր  մակարդակի հետեւանքով մարդիկ եւ կազմակերպությունները Պաշտպանին չեն դիմում: Հաճախ դիմումներն էլ վերաբերում են նյութական օգնություն  կամ այլ բարեսիրական օժանդակություն ստանալուն, ինչը, ցավոք, իմ լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում չէ»,- նկատել է Կարեն Անդրեասյանը: