Ադրբեջանի միգրացիոն իշխանությունները որոշում են կայացրել երկրից արտաքսել շվեդ երեք լրագրողների, որոնց ձերբակալել էին ապրիլի 17-ին` Բաքվի կենտրոնում, երբ նրանք հետեւում էին ընդդիմության բողոքի գործողություններին:
Շվեդիայի ազգային հեռուստաընկերության առաջին ալիքի աշխատակիցներ Մայա Ռոդերստրիտին, Շառլոտա Ուիկստրոմին եւ Չառլի Լատրավոտին տեղափոխել են ոստիկանություն, ապա միգրացիոն ծառայություն, որտեղ նրանց պահել են գրեթե մեկ օր:
«Մեզ հայտնեցին, որ արտաքսելու են առաջին իսկ չվերթով»,- ասել է Ռոդերստրիտը: Լրագրողներին հայտնել են, որ նրանք խախտել են վիզային ռեժիմը, սակայն գրավոր որեւէ մեղադրանք չի ներկայացվել:
Շվեդ լրագրողները Ադրբեջան էին եկել` ֆիլմ նկարելու մարդու իրավունքների վիճակի մասին, եւ ադրբեջանական դեսպանությունում տեղեկացրել էին այցի նպատակների մասին:





























