Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են երկրում իրականացվող իրավական գործընթացներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշմանը։

Դիտարկմանը, որ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել են սահմանադրության փոփոխության նախագիծն ուղարկել վենետիկի հանձնաժողով, նա արձագանքեց. «Սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է, երբ Վենետիկի հանձնաժողովը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Այդ հայտարարությունները անպայման չեն, որ ընկալվեն, որպես քննադատություն, սա մոտեցում է եւ ամենայն հարգանքով Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, պետք է նշենք, որ այն մարմինն է, որը գործում է դիմումների հիման վրա, կլինի դիմում Վենետիկի հանձնաժողովը կտա համապատասխան եզրակացություն։

Շատ դեպքերում ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները դարձել են մանիպուլյացիաների օբյեկտ, ցանկացած միջազգային կառույց, որը հրապարակում է իր մոտեցումները, դիրքորոշումները, չի կարող պարտադրանք ուղղել այս կամ այն պետությանը։ Դա ստանդարտների խումբ է, որոնց պետք է բավարարի այս կամ այն պետությունը, եթե ուզում է այդ միջազգային կազմակերպության հետ աշխատի»: