Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ այսօր` ապրիլի 18-ին Երեւանում քննարկել է հայ-ռուսական նախագծերի իրականացման հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր հանդիպումները մշտապես թույլ են տալիս համաձայնեցնել մեր գործողությունները եւ վեր հանել այն հարցերը, որոնց լուծումն անհրաժեշտ է խթանել, ինչպես նաեւ գրանցել այն հաջողությունները, որոնք արձանագրել ենք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ առաջ մղել մեր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր ծրագրերը»:
Իր հերթին Իգոր Լեւիտինն ընդգծել է. «Հաճելի է, որ այս հանդիպումը տեղի է ունենում միջտարածաշրջանային համաժողովի եւ ցուցահանդեսի շրջանակում: Մենք Եկատերինբուրգում քննարկել էինք նման միջոցառման կազմակերպման մանրամասները, եւ այն ամենը, ինչ մենք միասին ծրագրում ենք, ստացվում է: Ցանկալի է, որ հետագայում նույնպես այդպես լինի»:
Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինը քննարկել են հանձնաժողովի վերջին` 12-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը եւ ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։




























