ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան է նշանակվել ՄԱԿ-ում ներկայիս մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը, ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Քարեն Փիրսը, որը ներկայումս զբաղեցնում է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի եւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական ներկայացուցչի պաշտոնը, նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նորին Մեծության դեսպան: Նորին Մեծություն թագուհին նշանակել է նոր դեսպանին, երբ վարչապետը հաստատել է հաջողված թեկնածուին, որն առաջադրվել էր ԱԳ նախարարի խորհրդով»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

«Քարեն Փիրսը ամենափորձառու բարձրաստիճան դիվանագետներից մեկն է եւ կլինի ԱՄՆ-ում Նորին Մեծության դեսպանի պաշտոնը զբաղեցնող առաջին կինը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վաշինգտոնում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը թափուր էր անցած տարվա հուլիսից: Դեսպան Քիմ Դերոքը հրաժարական էր տվել, երբ հայտնի էր դարձել, որ Լոնդոն ուղարկված դիվանագիտական հեռագրերում նա անվանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «ոչ հմուտ եւ ոչ կոմպետենտ»: