Երեւանի փողոցներում առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ը ( 22 աշխատանքային օր) իրականացվում է փորձնական ծրագիր, ըստ որի, 20 մանկապարտեզներում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մոտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատված տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը: Փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումից հետո միայն կորոշվի մայրաքաղաքի բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում այն ներդնելու նպատակահարմարության հարցը:
Ընդհանուր առմամբ, Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապված, նախատեսվում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որն իր մեջ ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում.
- Ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի նվազեցում եւ դրանք միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինում,
- Մայրաքաղաքում տեղաբաշխված խանութներին, մանրամեծածախ շուկաներին եւ առեւտրային կետերին, սննդի օբյեկտներին մատակարարվող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում,
- Միջմարզային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների, ուսանողական ավտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մոտ գտնվող ավտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում եւ քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում,
- Ավտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը:
Նշենք, որ արդեն մանկապարտեզ հաճախող մի խումբ ծնողներ բողոք-հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, որ երեխաների համար դժվար է մեկ ժամ շուտ արթնանալը եւ դա սթրեսի է ենթարկում նրանց:





























