Կալանավորել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Վահագն Ղրմաջյանին՝ թմրամիջոցներ ձեռք բերելու համար։ Այս մասին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվություն է տարածել իր կայքի միջոցով։
Տեղեկության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հատուկ բաժնի մաքսային տեսուչ Վահագն Ղրմաջյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ, 34-268-րդ եւ, 34-266-րդ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ծանոթներ Բ.Մ-ի եւ Հ.Հ-ի հետ նախնական համաձայնության գալով, նրանց միջոցով, առանց իրացնելու նպատակի, Բ.Փ-ից կրկին անգամ ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 16-ին Վահագն Ղրմաջյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորում։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաեւ Հրաչյա Հակոբյանը¸ Բալաբեկ Մանուկյանը¸ Բագրատ Փաշինյանը եւ Գուրգեն Գեղամյանը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։





























