Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուդոյը մեկնաբանել է լրագրողներին փետրվարի 7-ին Սոչիում բարձր մակարդակում անցկացված բանակցությունների արդյունքները:Բելառուսական նավթամշակող գործարանները, ինչպես եւ պնդում էր բելառուսական կողմը, կգնեն ռուսական ընկերություններից նավթ համաշխարհային շուկայի գներով, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Եթե խոսենք նավթի, նավթային շուկայի հարցով պայմանավորվածությունների մասին, ապա ռուսական կողմը համաձայնվել է, որ բելառուսական ՆՄԳ-երը ձեռք բերեն նավթը ռուսական նավթային ընկերությունների հետ պայմանավորվածության շրջանակում այն գներով, որոնք հաստատված են միջազգային շուկայում: Ի դեպ, հենց դա էին բոլոր բանակցությունների ընթացքում բազմիցս պահանջում մեր նախագահն ու բելառուսական կողմը: Որ Բելառուսին պետք չեն հատուկ էքսկլյուզիվ պայմաններ: Մենք ցանկանում ենք գնել նավթը համաշխարհային գներով»,-ասել է Դմիտրի Կրուտոյը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է այդ մոտեցման հետ: «Դեռ ավելին, նա խոստացել է, որ Ռուսաստանի կառավարությունը կաջակցի ռուսական նավթ հայթայթող ընկերությունների հետ մեր աշխատանքին: Որպեսզի բելառուսական ՆՄԳ-ներում նավթի մատակարարումը լինի հենց այդ պայմաններով, որոնց մասին ես վերեւում եմ նշել»,-պարզաբանել է առաջին փոխվարչապետը:

Նա ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ ռուսական նավթային շուկան բավականին ոչ միասեռ է եւ փաստել, որ, ըստ էության, հունվարի կեսի ընթացքում կողմերը չեն գտնվել բանակցությունների ռեժիմում, քանի որ Ռուսաստանում շարունակվում էին ամանորյա արձակուրդները: «Սակայն այժմ մեր երկու սուբյեկտների միջեւ շփման ինտենսիվությունն աճել է: Եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում ամբողջ ծավալի շուրջ 100 մլն տոննա նավթն արդյունահանվում է եւ մատակարարվում փոքր ընկերությունների կողմից: Պարզապես մենք երկար տարիների ընթացքում սովորել ենք, որ նավթը Բելառուսին մատակարարում է հիմնականում մեծ հնգյակը՝ «Ռոսնեֆտ»-ը, «Լուկօյլ»-ը, «Տատնեֆտ»-ը եւ այլ ընկերություններ,-նշել է Դմիտրի Կրուտոյը:- Նրանց հետ նույնպես բանակցություններն, իհարկե, պարտադիր կշարունակվեն: Արդեն առաջիկա օրերին Ռուսաստանի էներգետիկայի նախարարը խոստացել է նրանց հետ հանդիպել, նշել բելառուսական շուկայում աշխատանքի նոր պայմանները եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել գնի շուրջ պայմանագրերն առաջիկայում կնքելու համար»:

Առաջին փոխվարչապետը նաեւ պատմել է, որ, ինչպես ցույց են տվել հունվարյան դեբատները, որոշակի սահմանափակումն այն էր, որ բելառուսական շուկան դիտարկվում էր ռուսական նավթարդյունահանող ընկերությունների համար որպես արտահանող: «Ռուսաստանի նախագահը խոստացել է բոլոր այդ սահմանափակումները չեղարկել: Բելառուսի համար այդ սահմանափակումները չեն տարածվի: Այսինքն՝ ցանկացած ընկերություն, որի համար շահավետ կլինի աշխատել մեր ՆՄԳ-ների հետ, կունենա հասանելիություն դեպի խողովակը, տրանզիտը, մատակարարումը «Տրանսնեֆտ»-ի՝ որպես գործակալության միջոցով: Եւ մենք ակնկալում ենք, որ մեր երկրի եւ շուկայի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա, եւ առաջիկայում կկարողանանք կնքել պայմանագրերը»,-հայտարարել է Դմիտրի Կրուտոյը: