Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` որպես նոր կենտրոնամետ քաղաքական կուսակցության ղեկավար, մտադիր է գործել ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:
«Նոր քաղաքական ուժը կլինի կենտրոնամետ` աջակողմյան բնույթի, իսկ գաղափարախոսության եւ ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Այս պահի դրությամբ համակողմանի խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք կներկայացնենք կոնկրետ ծրագրային դրույթները եւ հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժը կլինի ընդդիմություն»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վանեցյանը:
Ըստ նրա` ներկայումս Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հեռվացել է 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:
ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի կարող լինել: Միևնույն ժամանակ, Վանեցյանը դեմ է հասարակության մեջ կոշտ սահմանագծմանը` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով:
«Այս կանխադրույթը այսօր, հավանաբար, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչն անթույլատրելի է անընդունելի է իրավական պետության կառուցման, իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռված քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ, արմատականությունն ու ծայրահեղությունները չպետք է տեղ ունենան այսօրվա Հայաստանում: Սեւ ու սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, քանի որ աշխարհն իրականում լի է գույներով, եւ նույնիսկ` տասնյակ երանգներով: Եվ մենք մտադիր ենք մեր սպեկտրը ստեղծել ընդհանուր քաղաքական ներկապնակի մեջ»,- ասել է Վանեցյանը:
Նա նշել է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխության» ընթացքում եւ դրանից հետո մարդիկ ուզում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում և բարձրորակ ծառայություններ կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում: «Խոստացան եւ չարեցին»,- ասաց գործակալության զրուցակիցը:
«Լայն սոցիալական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առջեւ ծառացած սպառնալիքները, մենք նոր ներքին «խրամատներ» ստացանք, բաժանումներ «սեւի ու սպիտակի», «հնի ու նորի», «համաձայնների եւ ոչ այդքան համաձայններ»-ի, որոնք անողոք պայքարում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է այս ամենում ուժային կառույցների ներգրավման անթույլատրելիությունը»,- ասել է Վանեցյանը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը մնում է եւ կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, երկու երկրների շահերի շրջանակում է հուսալի եւ կանխատեսելի գործընկերներ մնալը: Նրա խոսքով՝ Երեւանը եւ Մոսկվան պետք է պահպանեն բազմադարյա պատմությունը եւ եղբայրական ու ռազմավարական հարաբերությունների կուտակված ներուժը, դրանք անշեղորեն զարգացնեն ԵՏՄ ու ՀԱՊԿ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
«Հայաստանում այսօր իշխանության ղեկին են նրանցից շատերը, որոնք ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվորեն հանդես են եկել հակառուսական դիրքերից՝ ընդհուպ մինչեւ խորհրդարանում իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրենսդրական նախաձեռնության առաջադրումը: Նրանք հայտարարում էին, որ ԵՏՄ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը: Մինչդեռ այսօր ցանկացած հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարեւորությունը եւ կազմակերպության հետ համագործակցության ավելի շատ խորացման անհրաժեշտությունը»,- շեշտել է Վանեցյանը՝ հավելելով, որ «իրական քաղաքականությունը եւ պոպուլիզմն անհամատեղելի են»:
«Բացթողումների եւ չիրացված հնարավորությունների մասին կարելի է շատ խոսել, անհարթություններ եւ թյուրըմբռնում է պատահում նույնիսկ իրար շատ սիրող ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին մշտապես բավարարել է իմաստությունը փոխհարաբերություններում դժվարությունները հաղթահարելու համար: Վստահ եմ, կբավականացնի նաեւ այսուհետ: Անհրաժեշտ է կամք եւ իմաստություն, որը մեր ժողովուրդներն ունեն: Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունները շատ ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների եւ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այս հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, եւ անխուսափելիորեն կլինի բազմադարյա ապագա»,- հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը:
Նա հայտարարել է, որ 2019 թվականի սեպտեմբերին, երբ ինքն ազատվեց պաշտոնից, վարչապետի հետ իր հակասություններն անհաղթահարելի էին դարձել:
Վանեցյանը հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին՝ երկրի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը պաշտոնից ազատվել էր: 2020 թվականի փետրվարի 6-ին նա հայտարարել էր կուսակցություն ստեղծելու եւ քաղաքական կարիերա սկսելու մասին:





























