Հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առումով ՍԴ դիմելու իմպերատիվ պահանջ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողոբվի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Հանրաքվեի գնալով մենք գնում ենք այն հունով, որն առավել ժողովրդավարություն է ապահովում, հնարավորություն չի տալիս, որ ԱԺ-ն, այսինքն իշխանության մեկ ճյուղը մյուսի ձեւավորման վրա ազդեցություն ունենա: Մենք հարցը տեղափոխել ենք իշխանության կրողի ոլորտ»,-ասաց նա:
Հարցին, թե եթե ԱԺ պատգամավորները հանրաքվեի հարցով դիմեն ՍԴ-ն, ինչպիսի՞ն կարող են լինել զարգացումները, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Եթե ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ՝ վիճարկելով ԱԺ որոշումը կամ ՀՀ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը:
Ֆորմալ առումով ԱԺ պատգամավորների 1/5-ի դիմումը ՍԴ դա այն դիմումն է, որ պետք է ընդունվի ՍԴ, բայց նույն խնդիրը առաջանում է. ինչ ընթացակլարգով ՍԴ-ն պետք է քննի այս հարցը, եթե իր 9 դատավորներից 7-ը ունեն անձնական շահագրգռվածություն»:
Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ եթե իսկապես պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ, ապա ՍԴ-ն պետք է անդրադառնա այս հարցին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը:




























