Հայաստան Նորին Մեծություն Աբդալլահ II թագավորի այցը պատմական իրադարձություն է: Այս մասին Հորդանանի թագավորի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությամբ հանդես գալով ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):  

Նրա խոսքով՝ այս այցը պատմական է ոչ միայն այն պատճառով, որ Հորդանանի թագավորն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլեւ այն պատճառով, որ երկու երկրների բարեկամությունը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր տարիների պատմություն ունի:

«Սա հատուկ հնարավորություն է արտահայտելու իմ համեստ շնորհակալությունը ձեր ազգին եւ ձեր ընտանիքին, քանի որ մենք բոլորս հիշում ենք, որ ձեր նախապապը, որը 100 տարի առաջ Մեքքայի Շերիֆն էր, հանդես էր եկել արաբական աշխարհին ուղղված մանիֆեստով: Հենց նա է արաբներին խնդրել ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին»,- նշեց Սարգսյանը:

Հայաստանի նախագահը շեշտեց, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են համագործակցության ներուժը՝ սկսած տուրիզմից եւ կրթությունից, ավարտած այնպիսի ոլորտներով, ինչպես՝ գիտությունը, տեխնոլոգիաները եւ անվտանգությունը: