ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում  այսօր քննարկվեց  ««Վեոն Արմենիա» եւ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

Հիշեցնենք, որ 2019  թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը  նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը,  եւ ընկերությունների դիմումի հիման վրա հանձնաժողովը սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ «Վեոն Արմենիա»-ն հիմնադրվել է 1995 թվականին, իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին ընկերության ակտիվների արժեքը կազմել է 147.8 մլրդ  դրամ, հասույթի չափը՝ 38.4 մլրդ դրամ:  «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը    պետական գրանցում է ստացել 1996 թվականին, իրականացնում է  ամրակցված, շարժական հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի,  IP հեռուստատեսության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք: 2018 թվականին վերջինիս ակտիվների արժեքը կազմել է 115.9 մլրդ  դրամ, հասույթի չափը՝ 40.7 մլրդ դրամ:  Ըստ ընկերությունների՝ համակենտրոնացման հիմնական նպատակն է էական մրցակցության ուժեղացումը, հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կից ներկայացվող  շնորհանդեսից (պրեզենտացիա):

 «Այս պահին որեւէ որոշում կայացված չէ, հանձնաժողովը դեռեւս վերլուծում է ստացված տեղեկատվությունը, այսօր տեղի է ունենում  այս գործով առաջին նիստը: Դիմել ենք 3 պետական մարմինների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով  եւ Պետական եկամուտների կոմիտե՝ շուկայի ամբողջական պատկերն ու դինամիկան հասկանալու համար: Հանձնաժողովն ուսումնասիրում է նաեւ միջազգային շուկայում համանման գործերը, դիմել է նաեւ միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միջազգային ցանցին,  Միջազգային մրցակցային ցանցին մասնագիտական օժանդակություն տրամադրելու համար»,- նիստի դռնբաց հատվածից  հետո լրագրողների հետ  տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը: 

Նա նաեւ պարզաբանել է, որ ՏՄՊՊՀ-ն դիմումը մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար, եթե երկարաձգման վերաբերյալ որոշումներ չեն կայացվում: Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել համակենտրոնացման գործողությունը թույլատրելու, արգելելու, ինչպես նաեւ պայմանով թույլատրելու վերաբերյալ:

Գեղամ Գեւորգյանը հավաստիացրեց, որ գործընթացը տեղի է ունենալու թափանցիկ ընթացակարգով, եւ այլ նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացվի հանրությանը՝ բացառությամբ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների: