Հայաստանի եւ Հորդանանի միջեւ հարաբերություններն արդեն կոնկրետ արդյունքներ են տվել: Այս մասին փետրվարի 11-ին Հորդանանի թագավոր Աբդալլահ II հետ հանդիպումից առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` Հորդանանի եւ Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ «մենք դրանք ռազմավարական գործընկերության ուղղություն ենք համարում»:

ՀՀ վարչապետը հավելել է, որ ուրախ է տեսնել տնտեսական պատվիրակությանը, որը ուղեկցում է Նորին Մեծությանը, եւ հիշեցրել է, որ նրանք պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել` տնտեսական կապերի առավել արդյունավետ զարգացման համար:

«Ես կցանկանայի շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի ձեր երկրի մասին, քանի որ ձեր երկիրը եւ ձեր ժողովուրդը աջակցում են Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Սա իսկապես ամուր հիմք է մեր հարաբերությունների համար»,- հավելել է նա: