Ես ավելի քան վստահ եմ, որեւէ կասկած չունեմ, որ հանրաքվեին լինելու են շատ բարձր տվյալներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, դա հրաժեշտ է լինելու այն խրամատին, որտեղ հավաքվել են քաղաքականապես մահացած քաղաքական գործիչները:
«Այսօր փորձ է արվում ժողովրդի ձեռքից խլել հեղափոխությունը, որը տեղի է ունեցել 2018 թվականին»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց. «Հիմա ունենք մի իրավիճակ, եբ ստեղծել են իրենց բառով ասած, իրենց խրամատը, որտեղ հավաքվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, ՀՀԿ-ական բեկորները եւ մի քանի ակտիվիստ, որ մտածում են, թե վիրավորանք հնչեցնելով կարող են քաղաքական գործիչ համարվել:
Հրայր Թովմասյանը ասում է, որ ինքն այդ խրամատը պահում է: Մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվում, հավաքվել են, ուզում են հեղափոխությունը ձեր ձեռքից խլել: Մենք ասում ենք, որ ընդամենը 5 րոպեի ընթացքում վերջ կդնենք այդ խրամատին եւ այնտեղ հավաքված մարդկանց, որոնք փորձում են խլել հեղափոխությունը: Հեղափոխությունը ժողովրդինն է եւ ժողովուրդը պետք է գնա ու դրա վերջակետը դնի»:
Հարցին, թե արդյոք իշխանությունը կփորձի վարչական ռեսուրս կիրառել բարձր մասնակցություն ապահովելու համար, ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Եթե վարչական ռեսուրս կիրառող լինեինք, նախորդ ընտրություններում կկիրառեինք. Խնդրում եմ մեր իշխանությանը զերծ պահել նախկինների հետ համեմատականներից: Մենք վարչական ռեսուրս չենք օգտագործել, չենք օգտագործելու եւ այդ պրիզմայով մեզ նայելը անընդունելի եմ համարում»:











