Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ  նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունն ու պատմական ավանդույթները ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար։

Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն եւ խաղաղություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգացման ուղին՝ արձանագրելով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջեւ անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։

Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն եւ արեւշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: