Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական կարգավորումը, այդ թվում Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, առաջին հերթին Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Նշվել է առկա ռուս-թուրքական համաձայնությունների իրականացման կարեւորությունը, ներառյալ՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հավելյալ շփումներ անցկացնել համապատասխան գերատեսչությունների գծով:
Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ռուս եւ թուրք զինվոականները լռության ռեժիմ մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները չեն նվազեցրել ակտիվությունը: Արդյունքում սպանվել են ՌԴ-ից եւ Թուրքիայից մասնագետներ: Սիրիական բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել՝ գրավելով Սարակիբ քաղաքը: Փետրվարի 7-ին թուրքական Miliyet-ը հայտնել է, որ թուրքական դիտակետեր են տեղակայված Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքներում:
Փետրվարի 11-ի առավոտյան սիրիական ընդդիմությունը, որին աջակցում է Թուրքիան, սկսել է մասշտաբային հարձակումները սիրիական բանկի դեմ Սարակիբի եւ Նեյրաբ բնակավայրի ուղղություններով: Մարտերի ակտիվ մասնակցություն են ունեցել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության աջակիցները: Սիրիական բանակի ջոկատները հետ են մղել ահաբեկիչներին: Գրոհայինները զգալի կորուսներ են կրել:





























