Պարզվել է դեռեւս մեկ ամիս առաջ ինքնաձիգի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման հեղինակների ինքնությունը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարվա մարտի 23-ին Ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք հարձակվել են 53-ամյա Վանիկ Պ.-ի տան վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 01.00-ի սահմաններում դիմակավոր երկու անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մուտք են գործել իր տուն, ինքնաձիգի ու դանակի սպառնալիքով գումար պահանջել, սակայն դիմադրություն ստանալով՝ նրանցից մեկն ինքնաձիգով հարվածել է իր գլխին, պատճառել վնասվածք, եւ ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 46-ամյա Տիգրան Ե.-ն եւ գողություն կատարելու համար ս/թ ապրիլի 12-ին բերման ենթարկված, նախկինում 3 անգամ դատապարտված, 33-ամյա Սուրիկ Ա.-ն:
Տիգրան Ե.-ն ձերբակալված է: Սուրիկ Ա.-ն կալանավորված է:
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:





























