ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ջիմ Կոստան ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնին կոչ են արել երաշխիքներ տալ առ այն, որ պետդեպարտամենտի կայքում զետեղված  Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը վերաբերող նյութերում «մեծ ծավալով եւ հավուր պատշաճի ընդունվեն Հայոց Ցեղասպանության  բարոյական, պատմական, քաղաքական հետեւանքները»:  Այս մասին հայտնում է

Ամերիկայի  Հայ դատի գրասենյակը:

Գրասենյակի փոխանցմամբ`ապրիլի 15-ի իրենց նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը ԱՄՆ Պետքարտուղարության կայքի անդրադարձներում «որեւէ հիշատակում չկա 1,5 միլիոն հայերի մասին, որոնք, հենց նախագահ Օբամայի` անցած տարի արտասանած խոսքով, Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին կոտորվել են կամ իրենց մահը գտել տեղահանության ճանապարհին»:

Հայ եւ թուրք ժողովուրդների պատմության նման կարեւորագույն իրադարձությունը չհիշատակելը, Դոլդի եւ Կոստայի համոզմամբ, ոչ միայն լուրջ բացթողում է պատմական տեսանկյունից, այլեւ «վիրավորական է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում սպանվածների հիշատակի առաջ»:

Կոնգրեսականներն ընդգծում են, որ դիտավորյալ խուսափելով որեւէ Ցեղասպանության հիշատակումից եւ դատապարտումից` ԱՄՆ-ը վտանգում է «անցյալի վայրագությունների դասերը վկայակոչելով ապագա ցեղասպանությունները կանխելու» իր ունակությունը:

Կոնգրեսականներ Դոլդը եւ Կոստան պետքարտուղարին հորդորում են նաեւ «աշխատել նախագահ Օբամայի հետ, որպեսզի նա իր ապրիլքսանչորսյան ուղերձում կատարի Հայեց ցեղասպանությունը որպես ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը»: