Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` ապրիլի 19-ին Ագրարային համալսարանի դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադաձել է սփյուռքահայ ֆերմերների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին:
«Մենք ունենք աշխարհում շատ հայ ֆերմերներ, որոնք տարբեր երկրներում շատ մեծ գործեր են կատարում այդ երկրների գյուղատնտեսության զարգացման համար: Մենք էսօր տեսնում ենք Էռնեկյանին, ով Արգենտինայի գյուղատնտեսության արտադրանքի շատ մեծ տոկոսն է տալիս եւ վերջին տարիներին մեր երկրում ներդրումներ է կատարում` նոր տեխնոլոգիաներով, նոր մտածելակերպով»,-ասել է գյուղնախարարը: Նա տեղեկացրել է, որ նախարարությունն սկսել է նամակներ գրել եւ Հայաստան հրավիրել սփյուռքահայ ֆերմերների` ներդրում անելու նպատակով:
«Բայց մենակ Էռնեկյանը չէ, ամբողջ աշխարհում էնքան մարդիկ ունենք, որոնք տարբեր ոլորտներում շատ մեծ ներդրում են կատարում: Հիմա էդ ցանկը հանել ենք արդեն մի հարյուր մարդու անուն ազգանուն ունենք, տարբեր երկներից ու սկսել ենք նամակներ գրել, որպեսզի հոկտեմբերին հրավիրենք էստեղ բոլորին: Թող գան եւ միահամուռ ուժերով ներդրումներ կատարեն մեր գյուղտնտեսության մեջ»,- հայտնել է Սերգո Կարապետյանը։




























