Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 18-ի երեկոյան գրություն է ստացվել, որ 2010 թ. մայիսի 29-ին անհայտ անձը Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող «Զատիկ» մանկատան դարպասների մոտ անօգնական վիճակում թողել է իգական սեռի մանկահասակ երեխա, որի ձեռքում եղել է գրություն այն մասին, որ երեխան 2006 թ. հունիսի 1-ին ծնված Կարինե Յուրայի Կարապետյանն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ապրիլի 18-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ից բաժին բերման են ենթարկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում հաշվառված, 28-ամյա Վարդուհի Կ.-ն եւ նույն թաղամասի բնակչուհի, 56-ամյա Ռայա Ա.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Վարդուհին բացատրություն է տվել, որ մանկահաս երեխայի մայրն ինքն է, 2010 թ. մարտին երեխային վարձավճարով խնամելու համար թողել է իր ծանոթ Ռայա Ա.-ի մոտ, որն էլ երեխային մոտ 2 ամիս պահելուց հետո, 2010 թ. մայիսի 29-ին, առանց իրեն տեղյակ պահելու, թողել է Երեւանի «Զատիկ» մանկատան դարպասների մոտ եւ հեռացել:
Վարդուհի Կ.-ն եւ Ռայա Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























