Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի 49-րդ նիստի ընթացքում Եվրամիության ընդարձակման գծով պատասխանատու Ստեֆան Ֆյուլեի խոսնակը անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը մի շարք քուրդ թեկնածուների արգելել է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Ֆյուլեի խոսնակ Նատաշա Բութլերն իր խոսքում նշել է, թե ԵՄ-ն ուշադիր հետեւում է այդ որոշման իրավական եւ քաղաքական կոնտեքստին։ «Թուրքիայի Բարձրագույն խորհրդի վետոն անհանգստացնող է՝ տարածաշրջանում խաղաղության եւ ժողովրդավարության գործընթացի համար»,-նշել է Ստեֆան Ֆյուլեի խոսնակը։
Նշենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։
Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։




























