Արդեն մի քանի տարի է` ինտերնետում ի հայտ են եկել հայկական սոցիալական ցանցեր՝ hayland.am, myfriends.am, druzya.am, hayutyun.am եւ այլն, որոնց սակայն հայ հանրության շրջանում մեծ ժողովրդականություն չեն վայելում: Հայերը նախընտրում են արտասահմանյան Facebook.com, Odnoklassniki.ru, Vkontakte.ru եւ այլ սոցիալական ցանցերում գրանցվել։ Այդ մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները։
Ըստ Alexa վարկանիշային համակարգի վիճակագրության` Հայաստանում Facebook-ը 2-րդ տեղում է ամենաժողովրդական կայքերի հինգհարյուրյանում, Odnoklassniki.ru-ն հինգերերդն է, Vkontakte.ru-ն 20-րդը, այնինչ հայկական hayland.am-ը գտնվում է ընդամենը 262-րդ տեղում, մնացածներին գտնել չհաջողվեց:
Ըստ ցանցերից ստացված տվյալների՝ Facebook-ում Հայաստանից գրանցվածների թիվն անցնում է 150 հազ., իսկ Odnoklassniki-ում՝ 300 հազարը, ու այդ թիվն արագ աճում է: Հատկապես Facebook-ը վերջին 1 տարում 3 անգամ ավելացրել է հայաստանցի օգտագործողների թիվը:
Հայկական ամենամեծ սոցիալական ցանցում՝ Hayland.am-ում ներկայումս գրանցված են ավելի քան 120 հազ. օգտագործող։ Սոցիալական ցանցի նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանի խոսքով՝ յուրաքաչյուր օր կայքի այցելուների թվաքանակը ավելանում է մոտ 200-ով։ Օրական այցելուների քանակը 13-14 հազ. է, ընդ որում՝ դրանց կեսը Հայաստանից են, կեսը՝ արտասահմանից։ Ա. Մկրտչյանի խոսքով՝ կայքը ունի բազմաթիվ հնարավորություններ՝ ֆորումի, բլոգի, շուտով կբացվի վիդեոչաթը։ Այնուամենայնիվ սոցիալական ցանցը, ըստ նախագծի ղեկավարի, դեռեւս շահութաբեր չէ։ Ա. Մկրտչյանն ընդունում է, որ գլոբալ ցանցերին համահայկական ցանցը չի կարող մրցակից լինել։





























