Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ ապրիլի 19-ին կայացավ Sukhoi Superjet 100 առաջին օդանավի դիմավորման եւ հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հանձնման արարողությանը ներկա էին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, «Սուխոյ» ԲԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, օդանավն արժեցել է 24 մլն դոլար, այն նախատեսված է մոտ տարածությունների վրա թռիչքներ կատարելու համար։

98 տեղանոց եւս մեկ Sukhoi Superjet 100 ավիաընկերությունը ձեռք կբերի այս տարվա հունիսին, եւ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, մոտակա մեկ տարում ավիաընկերությունը ռուսական ընկերությունից կգնի եւս երեք օդանավ։ Ընթացքում ձեռք կբերվեն այլ օդանավեր եւս։

Բաղդասարովը նաեւ հավաստիացրեց, որ նոր օդանավը կնպաստի ավիատոմսերի գնի ոչ այնքան մեծ, այուամենայնիվ, զգալի անկմանը։ «Օդանավը նախատեսված է 1,5-2 ժամ թռիչքների համար եւ չվերթեր կկատարի դեպի Մոսկվա, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ»,- հավելեց Բաղդասարովը։

NEWS.am-ի հարցին, ե՞րբ եւ ի՞նչ ուղղությամբ է առաջին անգամ թռչելու նոր Sukhoi Superjet 100-ը, ավիաընկերության սեփականատերը պատասխանեց. «Դա երեւի կլինի վաղը՝ ապրիլի 20-ին՝ հավանաբար դեպի Մոսկվա»։ Ավիաընկերության սեփականատերը նաեւ հավաստիացրեց, որ «Արմավիան» «Զվարթնոց»-ի հետ այլեւս որեւէ խնդիր չունի։

«Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանն իր հերթին հույս հայտնեց, որ օդանավը կարդարացնի իրենց բոլոր հույսերը։ «Օդանավը շատ լավ վիճակում է, փորձված է։ Աշխարհում առաջին այսպիսի օդանավը մերն  է, մենք հպարտ եւ ուրախ ենք դրա համար»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Բելույանը նշեց, որ տնտեսող այս օդանավը թույլ կտա ավիատոմսերի արժեքը նվազեցնել շուրջ 15-20 տոկոսով։