Թբիլիսիի կողմից ռազմական բեռների տարանցման մասին 2006թ. կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելու փաստը Մոսկվայի համար խնդիրներ չի հարուցի` Հայաստանում ռուսական ռազմակայանի մատակարարումների հարցում, կարծում է «Արսենալի» հանդեսի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին, գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Զենքն ու ցանկացած այլ սպառազինությունը Հայաստան կարող է հասցվել Իրանով: Բացի այդ, կա օդային ճանապարհը` անմիջապես Ռուսաստանից Հայաստան»,- կարծում է ռազմական փորձագետը:
Ռուսաստանի խորհրդարանի աղբյուրը թերթին հայտնել է, որ «ցանկացած բեռների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան կատարվելու է առանց սահմանափակումների»:
Նշենք, որ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանին առաջարկել էր չեղյալ հայտարարել ռազմական բեռների տարանցման պայմանագիրը: Պայմանագիրը կնքվել էր հինգ տարով եւ դրա ժամկետն արդեն ավարտվել էր: Ի դեպ այն չէր գործում 2008թ. դեպքերից հետո, ուստի չեղյալ հայտարարումը բացառապես քաղաքական դեմարշ է:





























