«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հանդես կգա որպես «BarCamp Երեւան 2011» երրորդ «չկոնֆերանսի» կորպորատիվ հովանավոր, որը տեղի կունենա հունիսի 4-5 Երեւանում:

«BarCamp Երեւան 2011»-ը կոչված է ինտերնետ միջավայրում աշխատող, նոր մեդիաներ եւ Web2.0 նախագծեր ստեղծող մարդկանց միացնելուն, նվիրված է նրանց գաղափարներին եւ նորարարություններին: BarCamp-ի շրջանակում քննարկումներն ընթանում են զեկույցների եւ ներկայացումների ձեւաչափով: Մասնակիցները ոչ ֆորմալ մթնոլորտում կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության եւ զագվածային լրատվության ոլորտում նորագույն միտումներն ու նվաճումները:

Ակնկալվում է, որ այս տարի «BarCamp Երեւան 2011» նախագծին կմասնակցի շուրջ 1000 հյուր, ՏՀՏ ոլորտի ընկերությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «BarCamp Երեւան 2011»-ին մասնակցելու նպատակով «ԱրմենՏելը» հրավիրել է հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշեւին (http://mi3ch.livejournal.com/), «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաեւին, Ռուսաստանում Beeline  PR-մենեջեր Եկատերինա Տուրցեւային:

BarCamp-ը դարձել է ավանդական եւ շատ սպասված միջոցառում: Երեւանում այն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է: Դա պայմանավորված է  ինտերնետի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության կտրուկ աճով: Բացի այդ, այս անգամ միջոցառմանը կմասնակցեն հյուրեր Հայաստանից եւ արտասահմանից», - նշել է «BarCamp Երեւան 2011»-ի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

BarCamp-ի կոնֆերանսները բաց են բոլոր ցանկացողների համար: «BarCamp Երեւան 2011»-ը տեղի կունենա հունիսի 4-5 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: «BarCamp Երեւան 2011»-ի գործընկերներն են Հայաստանում BarCamp շարժման նախաձեռնող` «Մամուլի աջակցության Ինտերնյուս» ՀԿ եւ Deem Communications ընկերությունը: