Գարեգին Բ-ն այսօր` ապրիլի 20-ին ընդունել է Ղազախստանի Լ. Գումիլեւի անվան եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն ողջունել է երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ նոր ձեւավորվող համագործակցությունը: Նա կարեւոր է համարել գիտության մշակների առաքելությունը ոչ միայն գիտության զարգացման, այլեւ արժանավոր քաղաքացիներ, ազգի նվիրյալ զավակներ կերտելու գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջկրոնական հարաբերություններին եւ Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ:
Կաթողիկոսը գոհունակությամբ վերհիշել է իր այցելությունը Ղազախստան Կրոնական առաջնորդների համաժողովի առիթով` գնահատանքով նշելով այն կարեւոր ներդրումը, որ Ղազախստանի նախագահն ունի կրոնների եւ ժողովուրդների միջեւ համերաշխության, խաղաղ եւ անվրդով համագործակցության հաստատման գործում:





























