Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին փետրվարի 26- Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ըստ նրա` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանցքային դեր է խաղում Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների զարգացման գործում: «Սա մեզ համար բարեփոխումների ծրագրի օրակարգ է, եւ դրա իրականացումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նաեւ նշեց, որ Համաձայնագիրը նոր խթան է տվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ հիմք է հանդիսացել տարբեր ոլորտներում հետագա բարեփոխումների ուրվագծման համար:




























