Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Միխայիլ Սահակաշվիլիին նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացել է առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրների, ինչպես նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր: