Հունաստանի մայրաքաղաքում եւ Սալոնիկի քաղաքում ապրիլի 16-ից միջոցառումներ են ընթանում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարեդարձին: Միջոցառումները պատրաստել եւ անցկացվում են հայ համայնքի եւ Հունաստանում Հայաստանի դեսպանատան համագործակցությամբ եւ մասնակցությամբ:

Աթենքի «Նոր Իզմիր» (Նեա Զմիրնի) թաղամասում ապրիլի 16-ին բազմամարդ արարողություն է կայացել, որին մասնակցել են համայնքի, Աթենքի վարչակազմի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ կուսակցական գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ապրիլի 17-ին Աթենքի կենտրոնում գտնվող «Ատտիկոն» սրահում կայացել է հիշատակի արարողությունների հիմնական միջոցառումը, որի հիմնական բանախոսն էր Թրակիայի Դեմոկրիտոս համալսարանի պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը, ով հանգամանորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները:

Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը մատնանշել է ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, մարդկության դեմ ուղղված ցեղասպանության ոճրի կանխարգելման կարեւորությունը` անդրադառնալով նաեւ Թուրքիայի ներկայիս պահվածքին:

Այնուհետեւ տեղի է ունեցել քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձան, որտեղ կայացել է Հայաստանի դեսպանության, համայնքային կազմակերպությունների եւ հունական իշխանությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլյան այս օրերին Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների կողմից անցկացվել են գրքերի, ֆիլմերի եւ լուսանկարների ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, Հունաստանի հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել եկեղեցական արարողություններ: