Առաջին անգամ Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացվելու է ճանապարհային անվտանգության աուդիտ: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Տոդիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, Ժան Տոդը տեղեկացրել է, որ իր այցի նպատակն է ծանոթանալ ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին եւ դրանց լուծման համար կայացնել միասնական որոշումներ:  Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի  նախագահը հայտնել է նաեւ, որ նախատեսվում է մշակել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված հայեցակարգեր եւ դրանք կիրառել ամբողջ աշխարհում:

Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ վերջին երկու տարում Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ  են իրականացվել, եւ այդ հարցում մեծ է եղել հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: Մասնավորապես, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհուրդ, որն արդեն բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել: Իսկ այս տարվանից արդեն կիրառվում է ավտոմեքենաների օգտագործման պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ համակարգը:

Նախարարը նշել է, որ անցյալ տարի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից իրականացվել են մի քանի փորձնական ծրագրեր. առանձին ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքների նախագծերը ենթարկվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության աուդիտի, բացի այդ համայնքներից մեկում` դպրոցին հարող ճանապարհի վրա, իրականացվել են երթեւեկության անվտանգության  բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ, իսկ աշակերտների եւ ուսուչիցների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ: