Թեեւ դատաիրավական բարեփոխումների ընթացքում արձանագրվել են ձեռքբերումներ, սակայն այդ համակարգի արդյունավետության ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծված: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է այսօր` ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումներին վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է հանդիսանա հատկապես դատարանների կողմից օրենքների միատեսակ մեկնաբանությունը եւ կիրառությունը:
«Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում օրենսդրության կիրառման պրակտիկան խիստ հակասական է: Ես չեմ ասում, որ սա վերջին մեկ տարում, կամ մի քանի ամիսներին է սկսվել: Այս արատը, ընդհանրապես, միշտ եղել է: Բայց դրա դեմ մենք պետք է շատ լրջորեն պայքարենք, հատկապես ընդունված փոփոխություններից հետո: Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք այս պրակտիկան ներդնել բոլոր ատյանի դատարաններում: Մեր իրականության մեջ, ցավոք, այդպիսի որոշումների կայացումն արտառոց երեւույթ չէ: Պետք է հասկանանք, թե պատճառը որն է, որ այս մի դատավճիռը կամ որոշումը շեղվել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ շեղումներ են լինում, բնականաբար, այդ երեւույթը երբեք չի կարող նպաստել հենց նույն դատարանների կամ այլ մարմինների հեղինակության բարձրացմանը: Իսկ մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մեր իրավապահ մարմիններն ունենան բարձր հեղինակություն: Բարձր հեղինակություն` նշանակում է հանրության կողմից ձեր կայացրած որոշումների ընկալում: Կարծում եմ, որ այս առումով, խնդիրը միայն անկատար օրենսդրության մեջ չէ: Այն, ինչ նկատել ենք, նախ պետք է արագ փոփոխենք, բերենք ճիշտ ձեւի»,-ընդգծել է ՀՀ նախագահը, խոսելով նաեւ առկա սուբյեկտիվ գործոնների, միջգերատեսչական այնպիսի փոխհարաբերությունների մասին, որոնք հնարավոր են դարձնում այդպիսի երեւույթների առկայությունը:
Նշենք, որ այս խորհրդակցությամբ մեկնարկել է քննարկումների մի շարք, որն ունենալու է հստակ պարբերականություն, որի նպատակն է` անդրադառնալ դատաիրավական համակարգի խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գեւորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:





























