Երեւանում մթնոլորտային ավազանում փոշու պարունակությունը նախորդ գիշեր եւ այսօր ցերեկը գերազանցել է թույլատրելի նորման 1,7-1,8 անգամ։ Այս մասին ասաց «Հայէկոմոնիտորինգի» տվյալների վերլուծության եւ պահպանման բաժնի ղեկավար Լինա Մարգարյանը։ Նա նշեց, որ օդում փոշու քանակի ավելցուկը պայմանավորված է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակով։ Նրա խոսքով՝ փոշու նորմայի գերազանցումը օդի քիմիական բաղադրության վրա ազդեցություն չի թողել։

Լ. Մարգարյանը նշեց, որ հանրապետություն ներթափանցած փոշու ամպը որոշակիորեն ազդել է մթնոլորտի աղտոտվածության վրա, սակայն այդ ամպն արդեն հեռացել է։

Նա նաեւ հավելեց, որ Երեւանում օդի աղտոտվածությունը վերջին տարիներին մշտապես գերազանցում է նորման։ Ըստ Մարգարյանի տվյալների՝ ավանդաբար ամենաաղտոտված վարչական շրջանը Կենտրոնն է, որտեղ օդի աղտոտվածությունը միջինում գերազանցում է 1,5-1,9 անգամ։