ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպային եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է, Բաքվի՝ հայկական քաղաքացիական օդանավեր կործանելու հայտարարություններին։

Գորդոնի խոսքով, ԱՄՆ-ն արդեն հստակ արձագանքել է այդ հայտարարություններին, ավելի վաղ նշելով, որ «քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքներն անընդունելի են, եւ դրանք պետք է չլինեն»։

«Դրանից հետո մենք, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նշել ենք, որ Ադրբեջանը հստակ նշել է, որ չի գնա այդ քայլին։ Մենք կարծում ենք, որ դա միակ կառուցողական մոտեցումն է այս հարցին»,- հայտարարել է Գորդոնը՝ պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին։

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է կործանել Ստեփանակերտ թռչող հայկական քաղաքացիական օդանավերը։ «Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղի օդային տարածքը փակ է, եւ «Ավիացիայի օրենքի» համաձայն այդ տարածքում թռչող օդանավերը ֆիզիկական ոչնչացման են ենթակա»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանում ներկայումս թռիչքներ ընդունելու նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Օդանավակայանը նորագույն տեխնոլոգիաներով է հագեցվում, եւ ոչնչով չի զիջելու Բաքվի օդանավակայանին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ առաջինն է մեկնելու Ղարաբաղ` Երեւան-Ստեփանակերտ չվերթով։