Հայ առաքելական եկեղեցին այս տարի Ավագ հինգշաբթին նշում է ապրիլի 21-ին, որը Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, այդ օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ օրվա երկրորդ կեսին` Ոտնլվայի արարողություն: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին:
Ոտնլվայի կարգը, այնուհետեւ յուղօրհնեքը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կկատարի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Այն կսկսվի ժամը 16.30-ին:





























