Սլովակիայի հայ համայնքի կողմից ապրիլի 19-ին կազմակերպված էկումենիկ պատարագին եւ Հայոց ցեղասպանությունը խորհրդավորող խաչքարին ծաղկեպսակի մատուցման արարողությանը մասնակցել են Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին եւ մի շարք պատգամավորներ, Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մի շարք երկրների դեսպաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ:

ԵՀՄՖ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սլովակիայի հեռուստատեսությանը տրված կարճ հարցազրույցի ընթացքում ԱԽ փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին հայտարարել է, թե ինքն երջանիկ է, որ Սլովակիան իր ԱԽ նախագահության օրոք` 2004թ-ին, ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը եւ օրինակ ծառայել ԵՄ մի շարք երկրների` համանման բանաձեւեր ընդունելու հարցում:

Ըստ նրա հայ ժողովրդի միացյալ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է օրինակ ծառայի սլովակ ժողովրդին եւ աշխարհի շատ ժողովուրդների` որպես հանուն արդարության ու հանուն մարդկության համար կարեւոր իդեաների պայքարելու փաստ: Միջոցառմանն իրենց ելույթներում պարոն Միկլոշկոն եւ Չառնոգուրսկին նշել են, որ Սլովակիան պետք է կանգնած լինի հայ ժողովրդի կողքին նաեւ Արցախի համար պայքարելու հարցում, քանզի հայ ժողովրդի գլխին փորձությունները դեռեւս շարունակվում են ու դրանք փորձություններ են ողջ քրիստոնեա աշխարհի համար: