Կառավարությունը չի փորձում համայնքների լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում, ընդհակառակը՝ էապես ընդլայնում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազորությունները։ Այսօր՝ ապրիլի 21-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այս հայտարարությունը հնչեց ի պատասխան այն քննադատությունների, թե կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը ՏԻՄ-երի նկատմամբ։ Տ. Սարգսյանը նույնիսկ ամբիոնի մոտ հրավիրեց տարածքային  կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին՝ խնդրելով ներկայացնել վերջին 3 տարիների քաղաքականությունը, թեեւ այդ հարցը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չէր։

Ա. Գեւորգյանը իր հերթին նշեց, որ կառավարությունը ՏԻՄ-երին աջակցել է ոչ միայն օրենսդրական փաթեթների միջոցով, այլեւ վարչարարական միջոցառումների։ Կարեւորագույն օրենսդրական փաթեթներից է, մասնավորապես, տեղական հարկերի եւ տուրքերի մասին փոփոխությունը, որն ընդունվեց 2010 թ.։ Դրանով հստակեցվեցին համայնքների լիազորությունները տեղական հարկեր եւ տուրքեր սահմանելու առումով։

Ա. Գեւորգյանը խոստացավ նաեւ, որ համայնքներին հատկացվող դոտացիաները չեն կրճատվի եւ նախորդ տարվա նման կպահպանվեն 32 մլրդ դրամի սահմաններում։

Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 13–ին ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օր սահմանելուն վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության քաղաքականությունը փոխվել է եւ ՏԻՄ լիազորությունները սկսել են կենտրոնացվել դեպի կառավարություն։