Apple Inc ընկերությունը համաձայնվել է վճարել մինչեւ 500 մլն դոլար, որպեսզի կարգավորի դատավարությունն այն գործով, որ ընկերությունն առանց ծանուցման դանդաղեցրել է iPhone հին մոդելների աշխատանքը, որպեսզի դրդի տերերին գնել նոր մոդելները կամ փոխել մարտկոցները:

Ըստ վարկածի՝ Apple-ը կվճարի օգտատերերին 25 դոլար iPhone-ի դիմաց, գումարը կարող է ավելանալ կամ պակասել՝ կախված iPhone-ի քանակից՝ 310 մլն դոլար նվազագույն ընդհանուր վճարմամբ:

Apple-ը հերքել է իրավախախտումներն ու կարգավորել գործն ամբողջ երկրում, որպեսզի խուսափի բարդություններից եւ դատավարություն հետեւանքներից:

Նշված համաձայնությունը տարածվում է iOS 10.2.1 կամ ավելի ուշ տարբերակի օպերացիոն համակարգով աշխատող iPhone 6-ի, 6 Plus-ի, 6s-ի, 6s Plus-ի, 7, 7Plus-ի կամ SE-ի ամերիկացի տերերին: Այն նաեւ տարածվում է iPhone 7 եւ 7 Plus-ին, որոնք աշխատել են iOS 11.2 կամ ավելի ուշ տարբերակով մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ը:

Օգտատերերը պնդում էին, որ նրանց հեռախոսների արտադրողականությունը տուժել է Apple ծրագրային ապահովության թարմացումներից հետո: Դա մոլորության մեջ էր գցել նրանց, եւ ենթադրելով, որ իրենց հեռախոսները շուտով վերջնականապես կդադարեն աշխատել, գնել էին նոր հեռախոսներ կամ փոխել մարտկոցները:

Apple-ը բացատրում է խնդիրները գլխավորապես ջերմաստիճանի, օգտագործման ինտենսիվության  փոփոխությամբ եւ այլ պատճառներով, եւ ասում, որ իրենց ինժեներներն արագ եւ բարեհաջող կերպով լուծել են դրանք: Վերլուծաբանները երբեմն անվանում են iPhone-ի աշխատանքի դանդաղումը «վատացում»: