ԱՄՆ-ում նախագահական մրցավազքից դուրս եկած Փիթ Բութիջիչը եւ Էմի Կլոբուշարը հայտարարել են Զո Բայդենի թեկնածությունը սատարելու մասին, հայտնում է Reuters-ը:

«Զո Բայդենն իր կյանքը նվիրել է մարդկանց համար պայքարին: Ոչ թե` հարուստների եւ ազդեցիկների համար, այլ` մայրերի, ֆերմերների, երազողների, վետերանների: Նա կարող է միավորել մեր երկիրը»,- ասել է Կլոբուշարը հանրահավաքի ժամանակ:

Իր հերթին, Բութիջիչը մեկ այլ միջոցառման ընթացքում նշել է, որ ուրախ է աջակցել Զո Բայդենի թեկնածությանը: «Նա արտասովոր բարության մարդ է, կարեկցելու ունակ»,- ասել է Սաութ-Բենդ քաղաքի նախկին քաղաքապետը:

Ի պատասխան այս հայտարարությունների` Զո Բայդենը լրագրողներին ասել է, որ Բութիջիչը նրան իր որդուն` Բյուին է հիշեցնում, որը մահացել է 2015 թվականին: «Ինձ համար սա լավագույն հաճոյախոսությունն է, որ կարելի է անել տղամարդուն կամ կնոջը»,- հավելել է Բայդենը:

Ավելի վաղ Բայդենի թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էր Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Բեթո Օ’Ռուրկը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Զո Բայդենը, ով վերջերս համարվում էր Դեմոկրատական կուսակցությունից ընտրությունների ֆավորիտը, լուրջ հաղթանակ էր գրանցել՝ մեծ տարբերությամբ հաղթելով Հարավային Կարոլինա նահանգի կուսակցական փրայմերիզում: