Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կսկսի փուլ առ փուլ մաքրվել դավաճաններից եւ այն անձանցից, որոնք հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:
Գորգիսյանը Մարտիրոսյանին, մասնավորապես, հարցրեց. «Փետրվարի 26-ին վարչապետը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իրավապահ համակարգում նախկինում դավաճաններ են եղել, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին։ ԱԱԾ-ն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկե՞լ է, արդյոք բացահայտվե՞լ են այդ դավաճանները»։
Էդուարդ Մարտիրոսյանի պատասխանեց, որ դա ընթացիկ գործընթաց է. «Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնք… մաքրելու ենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու։ ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»։
Գորգիսյանի հարցին՝ արդյոք բացահայտվել եւ պատժվե՞լ են այն մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում խոչընդոտներ են ստեղծել, Էդուարդ Մարիտիրոսյանը պատասխանեց. «Մենք երբ ունենանք տվյալներ, ձեզ անմիջապես կտեղեկացնենք»։











